Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ
օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ
նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի
գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։
Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն
արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ մաշկի մակերևույթին։
Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,
քրտնագեղձերը և այլն։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, որոնք
օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր
ակտիվությամբ։ Դրանք սպիտակուցային,ճարպային կամ այլ բնույթի
նյութեր են։ Արյան հունով տարածվում են ամբողջ օրգանիզմում և ուրույն
ազդեցություն ունենում որևէ գործընթացի վրա՝ փոփոխվում են
օքսիդացման գործընթացների ակտիվությունը, բջջաթաղանթների
թափանցելիությունը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի սինթեզը,
դրդում կամ արգելակում օրգանների աշխատանքը,բջիջների ու
հյուսվածքների ձևավորումը, օրգանիզմի աճը, զարգացումը և այլն։
Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը,
ուրցագեղձը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի
կղզյակային հատվածը, սեռական ու այլ գեղձեր։ Վերջին երկու
գեղձերը կոչվում են խառը, քանի որ օժտված են ներզատական և
արտազատական ֆունկցիաներով։ Ներզատական գեղձերից բացի
հորմոններ են ներզատում նաև ստամոքս-աղիքային համակարգը,
կենտրոնական նյարդային համակարգը, որոշ օրգաններ ու
հյուսվածքներ։ Հաճախ նրանց միավորում են սփռուն ներզատական
համակարգի մեջ։ Խառը գեղձերը դրանք այն գեղձերն են, որոնք
ունեն և ներզատիչ և արտազատիչ մասեր։ Խառը գեղձերից են
սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ Ենթաստամոքսային գեղձի
ներզատիչ մասը արտադրում է մի շարք հորմոններ՝ (ինսուլին,
գլյուկագոն և այլն), իսկ արտազատիչ մասն արտադրում է
մարսողական հյութ, որը ծորանով բացվում է տասներկումատնյա
աղիքի մեջ։ Սեռական գեղձերի ներզատիչ մասն արտադրում է
սեռական հորմոններ, իսկ արտազատիչ մասը՝ սեռական բջիջներ։
Հիվանդություներ
Ներզատական գեղձերի ֆունկցիայի խանգարումներն ուղեկցվում են նրանց
կողմից արտադրվող հորմոնների քանակի փոփոխությամբ, որն
առաջացնում է բազմաթիվ ծանր հիվանդություններ։
Վաղ մանկական հասակում մակուղեղի թերֆունկցիայի դեպքում աճի
հորմոնի անբավարար արտադրման հետևանքով արգելակվում է
մանուկների աճը և նկատվում է թզուկություն։ Նույն հասակում այդ գեղձի
գերֆունկցիան առաջացնում է հասակի գերաճ, հսկայություն (գիգանտիզմ)։
Այդպիսի մարդկանց հասակը հասնում է 2,5-2,6 մ։ Աճման հորմոնի
հավելյալ քանակը չափահաս հասակում առաջացնում է հիվանդություն
(ակրոմեգալիա),որի ժամանակ նկատվում է մարմնի ծայրանդամների՝
ձեռքերի ու ոտքերի, լեզվի, քթի, ականջների, ոտնաթաթերի մեծացում։
Մակուղեղի հետին բլթի թերֆունկցիան կարող է առաջացնել անշաքար
միզահյուծություն, որի դեպքում հիվանդն օրական միզում է մինչև 10 լ
հեղուկ ու առաջանում է անհագ ծարավ։
Վաղ մանկական հասակում մեկ այլ ներզատական գեղձի վահանագեղձի
թերֆունկցիայի դեպքում զարգանում է գաճաճություն՝ կրետինիզմ
հիվանդությունը, որի հիմնական նշաններն են կարճ հասակը, մտավոր
թերզարգացումը, փքված որովայնը,ատամների անկանոնությունը,
գունազրկված մաշկը և այլն։ Այդ գեղձի թերֆունկցիան հասուն շրջանում
առաջացնում է լորձայտուց հիվանդությունը, որի ժամանակ
նյութափոխանակության խանգարման, արյան ճնշման անկման, արյան
դանդաղ հոսքի հետևանքով առաջանում է միջհյուսվածքային հեղուկի
շատացում, դիտվում է այտուց, մաշկը չորանում ու դեղնում է, նկատվում է
քնկոտություն, հիշողության վատացում։ Այն վայրերում, որտեղ ջրի ու
սննդի մեջ քիչ է յոդը,վահանագեղձը գերաճում է, և զարգանում է տեղային
խպիպ հիվանդություն։ Վահանագեղձի զանգվածի այդպիսի մեծացումն ունի
հարմարողական նշանակություն՝ այն ավելի շատ հորմոն է արտադրում
օրգանիզմի պահանջը բավարարելու համար։ Տեղային խպիպի
կանխարգելման համար օգտագործում են յոդացված կերակրի աղ։
Վահանագեղձի գերֆունկցիայի դեպքում առաջանում է բազեդովյան
հիվանդություն, որի ժամանակ նկատվում է կենտրոնական նյարդային
համակարգի դրդունակության ու նյութափոխանակության բարձրացում,
սրտխբոց, փքակնություն, մարմնի կշռի անկում։
Ենթաստամոքսային գեղձի ներզատական
թերֆունկցիայի ժամանակ ինսուլինի քանակի
նվազման հետևանքով զարգանում է շաքարախտ
հիվանդությունը։Հյուսվածքների կողմից
ածխաջրերի յուրացման խանգարումը
հանգեցնում է արյան մեջ շաքարի քանակի
ավելացման, նկատվում է շատամիզություն ու
շաքարամիզություն։ Հիվանդն անընդհատ
ծարավում է ու զգալի քանակով ջուր խմում,
նիհարում, զարգանում է մկանային թուլություն։
Շաքարախտով հիվանդները պետք է
սահմանափակեն ածխաջրերով հարուստ սննդի
գործածումն ու ամեն օր կամ պարբերաբար
ընդունեն ինսուլին։
Մակերիկամների կեղևային շերտի
թերֆունկցիայի դեպքում զարգանում է
բրոնզախտ հիվանդությունը, որի ժամանակ
մարդը նիհարում է, շուտ հոգնում, մաշկը
բրոնզի գույն է ստանում, մկանները թուլանում
են, չի կարողանում ֆիզիկական աշխատանք
կատարել։ Կեևային շերտի գերֆունկցիայի
դեպքում սեռական հորմոնների արտադրման
խանգարումը կարող է հանգեղնել վաղ
սեռահասունացման, յուրօրինակ
ճարպակալման ու մազակալման։