Հյուսվածքներ
Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր
ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող
միասնական համակարգ է։ Հյուսվածքների
կազմությունը և ֆունկցիաները մշակվել են
կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ
ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին
միջավայրի փոխազդեցությունը, գոյության
պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը
նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս
տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային,
շարակցական, մկանային, նյարդային։
Էպիթելային հյուսվածքներ
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի
արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և
անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։
Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի
տարատեսակներ։
Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում
են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։
Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու
մազերը։ Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում
հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու
պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի
առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։
Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած
բջիջներին։
Շարակցական հյուսվածք
Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց
արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական
հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը,արյունը,ավիշը։
Այն մտնում է բոլոր ներքին օրգաններ կազմության մեջ, օժտված է արագ
վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական
անձև նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային
հյուսվածքներ։
Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր
թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը
հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը,
կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին
օրգանների միջև, իսկ ցանցանմանը՝ կարմիր ոսկրածուծը,փայծաղը և ավշային
հանգույցները։ Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված
են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։ Աճառային
հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային
նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները
և կատարում է հենարանային դեր։
Մկանային հյուսվածք
Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից և միջբջջային նյութից։ Մկանային
բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և
ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է
միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին
օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է
մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում
կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը
փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը
կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից,
որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։
Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և
ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ
կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում
կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։
Նյարդային հյուսվածք
Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից
բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը
կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։
Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում
նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար ելուստներ, որոնք պատված են
միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով
գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։
Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից
փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։
Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները
ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի
ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում։
Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական
գործառույթներ։